Ի՞նչ է հայտնի կլիմայի գլոբալ փոփոխության մասին, և ի՞նչ ազդեցություն կարող ենք ակնկալել ապագայում:
Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը
Կլիմայի փոփոխությունը երկրի եղանակային պայմանների երկարատև փոփոխությունն է կամ միջին կլիման՝ ներառյալ ջերմաստիճանը և տեղումները: Թեև կլիման փոխվել է անցյալում, այժմ նկատում ենք, որ այն փոփոխվում է աննախադեպ տեմպով: Մթնոլորտում հավաքված ջերմության պատճառով (հանածո վառելիքի այրում, ծառերի հատում և այլն) գլոբալ միջին ջերմաստիճանը այժմ ավելի արագ է փոխվում, քան անցած առնվազն 1000 տարիների ընթացքում:
Աղբյուրը՝ ՆԱՍԱ
Ի՞նչն է առաջացնում կլիմայի փոփոխություն
Կլիմայի միայն բնականոն փոփոխությունները, ինչպիսիք են բնական փոփոխականությունը և հրաբխային ժայթքումները, չեն կարող վերարտադրել ջերմաստիճանի վերջին բարձրացումները: Միայն այն դեպքում, երբ մոդելները ներառում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացում մարդկային գործունեության պատճառով, կլիմայի վերջին փոփոխությունները կարող են նման զարգացումներ ունենալ:
Ինչպե՞ս են փոխվել գլոբալ արտանետումները
Արտանետումները սկսել են թափ առնել արդյունաբերական հեղափոխությունից հետո, սակայն տարեկան արտանետումների աճը 21-րդ դարի առաջին 10 տարիներին գրեթե կրկնապատկվել է 1970-2000թթ. համեմատությամբ:
Վերջին տարիներին նկատելի աճ են գրանցել նաև հանածո վառելիքի և արդյունաբերական արտանետումները, որը 1990 թվականից ի վեր կազմում է շուրջ 63%:
Որո՞նք են ամենախոշոր արտանետող երկրները
1850թ.-ից մինչև 2011 թվականը հինգ խոշոր արտանետողները (ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն և Ճապոնիա) միասին կազմում էին համաշխարհային CO2 արտանետումների երկու երրորդ մասնաբաժինը:
Այժմ Չինաստանը հայտնի է որպես առաջատար արտանետող երկիր: Առաջին եռյակի մեջ են մտնում նաև ԵՄ-ը և Միացյալ Նահանգները: Նրանք մթնոլորտ են բաց թողնում ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումների կեսից ավելին: Փոխարենը, 100 ամենաքիչ արտանետող երկրները միասին կազմում են գլոբալ արտանետումների մինչև 3.5%-ը: Համաշխարհային արտանետումների գրեթե երեք քառորդը պատկանում է միայն 10 երկրներին:
Որքա՞ն կբարձրանա ջերմաստիճանը
Եթե չլինեին բազմաթիվ երկրների կողմից ընդունված արտանետումների կրճատման պարտավորությունները, որոնք հայտնի են որպես ազգային նպատակային սահմանված ներդրումներ, ապա կունենայինք 4-5°C տաքացում: Նույնիսկ եթե այդ պարտավորություններն ամբողջությամբ իրականացվեն, գլոբալ միջին ջերմաստիճանը ըստ մի շարք ուսումնասիրությունների կշարունակի բարձրանալ 2.7-3.7°C մինչև 2100 թվականը:
Կլիմայի փոփոխության ինչպիսի՞ հետևանքներ կան մեր օրերում
Կլիմայի փոփոխության ազդեցություններն արդեն տեղի են ունենում և տեղի են ունենում ամենուր: Օրինակ, կլիմայի փոփոխությունը արդեն հանգեցրել է ավելի բացասական, քան դրական ազդեցությունների, որոնք նկատելի են բուսական և կենդանական աշխարհի վրա:
Այսպիսով, սառցադաշտերում և սառցաշերտերում սառույցի հալման, ինչպես նաև օվկիանոսային ջրերի տաքացման արդյունքում, 1993-2015թթ. ընթացքում ծովի մակարդակը բարձրացել է տարեկան միջին 3.4 մմ-ով, ինչը ջրհեղեղի և ենթակառուցվածքների վտանգի տակ է դնում ափամերձ համայնքները:
Աղբյուրը՝ Համաշխարհային Ռեսուրսների Ինստիստուտ
Ինչպիսի՞ ազդեցություններ կունենանք ապագայում
Հետագա ազդեցությունները կորոշվեն արտանետումների մակարդակով և արդյունքում ջերմաստիճանի բարձրացմամբ: Որքան տաքանա ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ ազդեցություններ կլինեն և ավելի ցածր կլինի մեր հարմարվելու կարողությունը:
Կա՞ն առաջընթացի նշաններ
Վերջերս մենք ականատես ենք եղել «հանգուցալուծում» նշանին: Ըստ Միջազգային Էներգետիկ Գործակալության տվյալների, ածխածնի երկօքսիդի արտանետումները վերջին երեք տարիներին մնացել են անփոփոխ, նույնիսկ այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը աճ է գրանցել: Այս փաստը պայմանավորված է վերականգնվող էներգիայի արտադրության աճով, վառելիքի փոխարինումով ածուխից բնական գազի, էներգախնայողության բարձրացմամբ և այլ փոփոխություններով:
Դեռևս անհայտ է՝ արդյոք սա վկայում է երկարատև դրական տեղաշարժերի մասին: Սակայն մենք պետք է կտրուկ նվազեցնենք արտանետումները, եթե ցանկանում ենք կրճատել կլիմայի վտանգավոր փոփոխությունը, և նույնիսկ գոյություն ունեցող արտանետումների նվազեցման պարտավորությունների դեպքում, գլոբալ արտանետումները չեն կարող նվազել մինչև առնվազն 2030 թվականը:
Արդյո°ք մենք ներդրումներ կատարում ենք լուծումների համար
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում գլոբալ ներդրումները 2015 թվականին աճել են մինչև 285.9 մլրդ դոլարով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5%-ով: 2015 թվականին նոր տեղակայված էներգետիկ կայանների հիմանական մասը (շուրջ 54.6%) առաջին անգամ բաժին է հասնում վերականգնվող էներգետիկ աղբյուրներին (բացառությամբ խոշոր հիդրո կայանների): Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի արագ անցում կատարենք հանածո վառելիքներից, եթե ունենք հնարավորություն պայքարելու և նվազեցնելու գլոբալ տաքացումը 1.5-2 °C-ով :
Կլիմայի փոփոխության առավել վտանգավոր ազդեցություններից խուսափելու համար, որը պահանջում է աստիճանաբար դադարեցնել արտանետումները, կպահանջի երկարատև և նպատակային գործողություններ:
Հեղինակ՝
Գեղամ Կիրակոսյան,
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամ: