Ս.թ. դեկտեմբերի 9-10-ը Երևանում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում կայացավ գործընկեր պետությունների երկրորդ աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Հունաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Երկու օրերի ընթացքում տեղի ունեցան բուռն քննարկումներ գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ, կազմակերպվեց հանրային քննարկում պետական պաշտոնյանների, միջազգային կազմակերպությունների, բանկերի, համայնքների ղեկավարների հետ, որոնք մանրամասն ներկայացրեցին էներգախնայողության ոլորտը, առկա խոչընդոտները, մարտահրավերները, ֆինանսավորման մեխանիզմները, հնարավորությունները և այլն: Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր ծրագրի ընթացքի վերաբերյալ և միաժամանակ կազմվեց հետագա աշխատանքների պլանը: Ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև Ծրագրի համար ստեղծված Վեբ կայքի ներկայացում: