Հայաստանի էներգետիկ ոլորտը վերջին երկու տասնամյակների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել: Այն դուրս է եկել ծանր ճգնաժամից, որը բնորոշվում էր էլեկտրամատակարարման էական պակասուրդով, ոլորտի ֆինանսական սնանկությամբ: Այսօր ոլորտն ունի այնպիսի կայունության, ինչն ավելի բնորոշ է զարգացած երկրներին քան զարգացող: Ճգնաժամից դեպի կայունությանն անցման գործընթացում վերականգնվող էներգիայի կիրառումն ու զարգացումը կարևոր բաղկացուցիչ մաս է կազմել և կշարունակի կարևոր դերակատարում ունենալ նաև ապագայում, քանի որ էլեկտրոէներգիայի պահանջարկի մեծացմանը զուգահեռ շահագործումից դուրս են գալիս «ծերացող» ջերմային կայանները:
Հայաստանի էներգետիկ համակարգը բաժանված է և բաղկացած էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխիչ անկախ ընկերություններից, ինչպես նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորից (ԷՀՕ) ու Հաշվարկային կենտրոնից: Համակարգը կարգավորվում է անկախ կանոնակարգող մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից: Օրենսդրությամբ կարգավորվում է նաև սակագների սահմանման մեթոդաբանությունը, ինչը ծախսածածկման հնարավորություն է ընձեռում ոլորտի սուբյեկտներին:
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԾԿՀ-ի կողմից մշակվել է մի մոդել, ըստ որի ԷՀՕ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցով անկախ ընկերությունները էներգետիկ հզորություններ են ապահովում և էներգետիկ ծառայություններ մատուցում էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերության հետ էլեկտրաէներգիայի վաճառքի պայմանագրի շրջանակում:
Արտադրող ընկերությունների կողմից արտադրվում է բավականաչափ էլեկտրաէներգիա՝ տեղական պահանջարկը բավարարելու համար: Այն կազմում է տարեկան մոտ 5915 գՎտ/ժ (2016թ-ի դրությամբ)՝ միջինը 2% աճով: Էլեկտրաէներգիա արտադրող կայանների ընդհանուր գործառնական կարողությունները կազմում են մոտ 2,500 ՄՎտ: Տեղական պահանջարկը բավարարվում է 32%-ով ատոմային, 35%-ով ջերմային, 33%-ով հիդրո կայանների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին (2016թ-ի դրությամբ): Էլեկտրաէներգիայի առավելագույն պահանջարկը կազմում է մոտ 1,300 ՄՎտ և առկա է նոյեմբեր-փետրվար ամիսներին: Ամռան ամիսներին առավելագույն պահանջարկը կազմում է շուրջ 900 ՄՎտ: Սեզոնային դեֆիցիտ չկա: Արտադրության ավելցուկը ՋԷԿ-երում է, որոնք և ապահովում են էլեկտրաէներգիայի արտահանման համար հնարավոր կարողությունները:
ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՈՒՄ
Խորհրդային Միության ժամանակներից ի վեր Հայաստանը հուսալի էլեկտրահաղորդման ենթակառուցվածք է ունեցել, որը կազմված է 220 կՎ տասնչորս ենթակայանից և 110 կՎ երկու ենթակայանից, որոնք առաջիկա 4 տարիների ընթացքում կվերականգնվեն: Ներկայումս ցանցը կապված է Վրաստանի հետ (110 կՎ և 220 կՎ հոսանքալարերով, որոնք այս պահին շահագործվում են կղզիացված ռեժիմով), Իրանի (220 կՎ՝ սինքրոն աշխատանքային ռեժիմով) և Թուրքիայի հետ (220 կՎ, որը չի շահագործվում): Վրաստանի էներգահամակագի հետ փոխկապակցվածության դեպքում թողունակությունը մոտ 220ՄՎտ է, իսկ Իրանի հետ՝ 300ՄՎտ: Էլեկտրահաղորդման համակագի կորուստները կազմում են մոտ 1.8%: Էլեկտրահաղորդման օպերատորը («ԷՕ»)՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ԲՎԷՑ) պետական ընկերություն, որին են պատկանում երկրում էլեկտրահաղորդման բոլոր ակտիվները, որը սակայն համակարգի շահագործում չի իրականացնում:
Առաջիկա երեք տարիների ընթացքում Վրաստանից մինչև Իրանի սահման հասնող 1000ՄՎտ հզորությամբ և 400կՎ լարումով նոր էլեկտրահաղորդման գիծ կգործարկվի՝ հայ-վրացական սահմանի վրա B2B կայանով: Սկզբնական փուլում այն կունենա 350ՄՎտ հզորություն:
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ
«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» (ԷՀՕ) հանդիսանում է 100%-ով պետական փակ բաժնետիրական ընկերություն: Այն պատասխանատու է ներքին պահանջարկի էներգաարտադրության հաղորդումն և կարգավարումն կառավարելու համար, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումը ապահովելու համար: Էներգիա արտադրող կայաններում և 220 կՎ ենթակայաններում տեղադրված է վերահսկման և տվյալների հավաքագրման համակարգ:
ԲԱՇԽՈՒՄ
Ամբողջությամբ մասնավոր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ընկերությունը շահագործում և զարգացնում է բաշխիչ ցանցը: ՀԷՑ-ին են պատկանում և ՀԷՑ-ն է շահագործում երկրում բոլոր բաշխիչ ակտիվները: ՀԷՑ-ը հանդիսանում է երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միակ գնորդն ու վաճառողը, և արտադրող բոլոր կայաններից պահանջվում է արտադրված էներգիան վաճառել ՀԷՑ-ին: Ո՛չ էլեկտրաէներգիայի արտադրության, և ո՛չ էլ բաշխման իմաստով մրցունակ էներգետիկ շուկա գոյություն չունի:
Բաշխիչ ցանցը ներառում է 0.4կՎ-110կՎ լարմամբ էլեկտրագծեր և տրանսֆորմատորային ենթակայաններ: Ցանցին միացման ցուցանիշը մոտ է 100%-ին: Տնային տնտեսությունների կողմից տարեկան սպառումը կազմում է ընդհանուրի մոտ 35%-ը, խոշոր սպառողների սպառումը (արդյունաբերություն, տրանսպորտ, ջրամատակարարում և ոռոգում)՝ մոտ 30%, իսկ մնացած 35%-ը՝ պետական հիմնարկների և փոքր ու միջին ձեռնարկությունների սպառումն է: Բաշխիչ ցանցում կորուստները կազմում են մոտ 9%, հաշվառումը իրականացվում է 100%-ով և , իսկ հավաքագրման մակարդակը նույնպես մոտ է 100% է: 35կՎ-110կՎ բոլոր սպառողները և 6կՎ-10կՎ սպառողների մեծ մասը միացված են տվյալների ձեռք բերման համակարգին: Սպառողների 30%-ն ունեն էլեկտրոնային (թվային) հաշվիչներ:
ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն հանդիսանում է 100%-ով պետական սեփականությամբ ընկերություն, որն առևտրային հաշվառում է իրականացնում էլեկտրաէներգիա արտադրողի և միակ գնորդի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ներկրման և արտահանման համար: Այն ունի առանձին հաշվեկշիռ, սակայն, ՀԷՑ-ի կողմից չվճարելու դեպքում որևէ ռիսկ չի կրում: «Հաշվարկային կենտրոնը» իր ծառայությունների դիմաց տարեկան փոքր ֆիքսված գումար է ստանում տեղական մատակարարումից և արտահանման հետ կապված ծառայությունների համար ֆիքսված գումար ամեն մի 1կՎ/ժ-ի համար: 2001թ-ին տեղադրված տվյալների հավաքագրման համակարգը հաշվարկման նպատակով 30 րոպե միջակայքով «Հաշվարկային կենտրոն» է ուղարկում մեծածախ վաճառքի էլեկտրոնային հաշվիչների տվյալները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԴԱՇՏ
Հայաստանի էներգետիկ համակարգը կարգավորվում է 2001թ-ին ընդունված «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում են էներգետիկ ոլորտի ազգային քաղաքականության հիմնարար սկզբունքները: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հանդիսանում է ազգային քաղաքականության համար պատասխանատու պետական մարմինը: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանվում են անկախ կարգավորող մարմնի՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» (ՀԾԿՀ) իրավասությունները:
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԾԿՀ-ն պատասխանատու է ընդհանուր էներգետիկ ոլորտի կարգավորման համար՝ ներառյալ էլեկտրաէներգիա արտադրող, էլեկտրահաղորդող և բաշխող ընկերությունների ու վերջնական օգտագործողների համար սակագների սահմանման համար: Բացառություն են կազմում վերականգնվող էներգիա արտադրող փոքր կայանները (մինչև 30ՄՎտ դրվածքային հզորությամբ), որոնց համար գործում են արտոնյալ սակագներ: Մյուս բոլոր արտադրող ընկերությունների համար սակագները սահմանվում են «վերադարձելիության» մեթոդաբանության հիման վրա: Արտադրող, էլեկտրահաղորդող և բաշխիչ ընկերություններին այս ռեժիմով թույլ է տրվում եկամուտից հանել.
(ա) լիցենզավորված գործունեության հետ կապված թույլատրելի ծախսերը, ինչպես օրինակ՝ վառելիքի, շահագործման, պահպանման և վերանորոգման,
(բ) ակտիվների արժեզրկման ծախսերը,
(գ) հարկերը և այլ վճարները,
(դ) ներդրված կապիտալի դիմաց թույլատրելի վերադարձելիությունը:
Ներդրված կապիտալի դիմաց թույլատրելի վերադարձելիությունը հիմնվում է գնահատված կապիտալի միջին կշռված արժեքի (WACC) հիման վրա: Էներգետիկ ոլորտի ընկերությունների համար թույլատրելի վերադարձելիությունը կազմում է 10-15%` հարկումից առաջ: Սակագները հաշվարկվում են տեղական արժույթով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պատասխանատվության շրջանակը ներառում է.
• Լիցենզավորում: Էներգիա արտադրող, էլեկտրահաղորդող և բաշխիչ բոլոր ընկերությունները պետք է լիցենզիա ստանան ՀԾԿՀ-ից: ՀԾԿՀ-ի կողմից սահմանվում են լիցենզավորման պայմանները, ընթացակարգերը և լիցենզիա ստանալու համար հայտադիմումի ներկայացման պահանջները:
• Սակագների սահմանում: ՀԾԿՀ-ն սահմանում և վերահսկում է սակագները՝ արտադրման, հաղորդման, կարգավարման և բաշխման համար:
• Լիցենզավորվողի պարտավորություններին համապատասխանության վերահսկում: ՀԾԿՀ-ն ուսումնասիրում է լիցենզավորված սուբյեկտների գործունեությունը և կարող է հետևյալ չորս մեթոդներից որևէ մեկով պատժամիջոցներ կիրառել լիցենզիայի պահանջները չկատարելու համար՝ զգուշացում, սակագնի իջեցում, լիցենզիայի կասեցում, լիցենզիայի հետ կանչում: Լիցենզավորվող սուբյեկտը կարող է պատիժը բողոքարկել հանձնաժողովի լսումների ընթացքում:
• Էլեկտրաէներգիայի շուկայի կանոնների սահմանում: ՀԾԿՀ-ն պատասխա-նատու է ոլորտում գործող լիցենզավորված սուբյեկտների միջև հարաբերությունները կարգավորող կանոնները սահմանելու համար:
• Լիցենզավորված սուբյեկների և սպառողների միջև վեճերի կարգավորման միջնորդություն: Լիցենզավորված սուբյեկտները պետք է բոլոր սպառողների բողոքները ներկայացնեն ՀԾԿՀ-ին: ՀԾԿՀ-ն իրավասու է լուծել վեճերը:
• Ծառայությունների որակի պահանջների սահմանում: ՀԾԿՀ-ն սահմանում է ծառայությունների որակի ստանդարտներ սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի բոլոր ծառայությունների համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱ
Հայաստանի մեծածախ էներգետիկ շուկայում մրցակցությունը բացակայում է և ամբողջությամբ կարգավորվում է ՀԾԿՀ-ի կողմից: Էներգետիկ ոլորտում ուղղակի և անուղղակի սուբսիդիաներ չկան, սպառված էլեկտրականության համար առկա է վճարային ուժեղ կարգապահություն և բոլոր ծախսերը ներառված են վերջնական օգտագործողի համար սահմանված սակագնում: 2003 թվականից ի վեր սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հավաքագրումը կազմում է 100%: Ոլորտի համար բյուջետային սուբսիդիաներ չեն տրամադրվում:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ
ՀԾԿՀ-ն լիցենզիան տրամադրում է հայտադիմումը ներկայացնելուց հետո 80 աշխատանքային օրվա ընթացքում: Արտադրող կայանները մեկ միասնական լիցենզիա են ստանում շինարարության և շահագործման համար՝ երկուսի իրականացման համար սահմանված ժամկետով։ Լիցենզավորվողը պետք է ներկայացնի իրավական փաստաթղթեր, գործարար ծրագիր, հողի թույլտվություններ, կայանի նախագծման համար ինժեներական ընկերության հետ կնքված պայմանագիր, պետբյուջե կատարված վճարումն հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բանկային երաշխիք 2500 ՀՀ դրամ ամեն մի Կվտ հզորության համար: Այդ գումարը կգանձվի ի օգուտ պետբյուջեի այն դեպքում, եթե լիցենզավորողը սահմանված ժամկետում չկարողանա կայանը հանձնել շահագործման։