Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մեկնարկեց Երկրաջերմային էներգետիկայի խթանման վերաբերյալ համաժողովը

new-image

Սեպտեմբերի 11-12-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մեկնարկեց Երկրաջերմային էներգետիկայի խթանման վերաբերյալ համաժողովը, որը կազմակերպվել է Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (ՄՎԷԳ-ի) կողմից: Համաժողովին մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ             Հայկ  Հարությունյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:

Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել այն անհրաժեշտ գործողությունները, որոնք կապահովեն երկրաջերմային էներգիայի կայուն զարգացումը, մասնավորապես նպաստել կողմերի միջև փորձի փոխանակմանը, տրամադրել տեխնիկական օգնություն, խորհրդատվություն և խթանել կարողությունների զարգացմանը:

Հավաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր Երկրաջերմային էներգիայի կայուն զարգացման վերաբերյալ, որտեղ օրակարգային Նախարարական  կլոր սեղանի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և ներկայացրեց Հայաստանի Էներգետիկ ոլորտը, մասնավորապես «Երկրաջերմային հետախուզական հորատման ներդրումային ծրագիրը», որը իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

ՀՀ ԷԵԲՊ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը մի շարք հանդիպումներ ունեցան ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպում տեղի ունեցավ «ԷՆԵԼ» ընկերության տնօրեն Կառլո Պիգնոլոնիի հետ: «ԷՆԵԼ» ընկերությունը հանդիսանում է Իտալիայում երկրաջերմային էներգետիկայի ոլորտում առաջատար և խոշոր ներդրող ընկերություն: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը, ծրագրի շրջանակներում հայկական շուկայում ներդրումներ կատարելու գրավչությունը:

Վերոնշյալ ընկերության հետ համագործակցության պայմանավորվածություն  ձեռք բերվեց, որի արդյունքում ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան տեղում ծանոթանալու «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրին»:  Մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ «Արկտիկ Սայքլ» ընկերության նախագահ Օլաֆուր Գրիմսոնի հետ, ով նախկինում եղել է Իսլանդիայի նախագահը:

Հանդիպման արդյունքում պարոն Օլաֆուր Գրիմսոնը կայցելի Հայաստան իր բազմամյա փորձով կիսվելու նպատակով:

Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Միջազգային Երկրաջերմային Ասոցիացիայի (IGA) գործադիր տնօրեն Մերիթ Բրումերի հետ, որի արդյունքում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կհամագործակցի  Ասոցիացիայի հետ: Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (ՄՎԷԳ) տնօրեն Ադնան Ամինի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, ներկայացվեցին Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերը, մասնավորապես «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ծրագիրը», «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը», ինչպես նաև քամու ծրագիրը: Հանդիպման արդյունքում որոշում կայացվեց  Գլոբալ Երկրաջերմային Ալյանսին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը արագացնել:

Համաժողովի երկրորդ օրը մասնակիցները այցելեցին Լանդերելոյի երկրաջերմային համալիր, որը կառուցվել է 1913 թվականին և առաջին էլեկտրակայանն է աշխարհում:

Համաժողովի ավարտին ստորագրվեց «Աշխատել միասին նպաստելով Երկրաջերմային էներգետիկայի կայուն ապագայի կերտման համար» խորագրով հուշագիրը: