Այսօր մեկնարկեց Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված երկօրյա համաժողովը

new-image

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի օժանդակությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցել են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:  Միջոցառման գլխավոր նպատակն էր` ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, զարգացումները, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթները, ինչպես նաև, մեկ անգամ ևս անդրադառնալ խնդիրներին և ոլորտի զարգացման ապագա ծրագրերին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում: Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում նախատեսված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր ու հստակ ծրագրեր:

Հայկ Հարությունյանը նշել է նաև, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ ռազմավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և, այդ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով, Հայաստանում ընդունվել են մի շարք ռազմավարական և օրենսդրական փաստաթղթեր:Ուսումնասիրությունների համաձայն Հայաստանը ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է մեր հանրապետության էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 29%-ը:Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային միջավայրին առնչվող հարցերին, ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև, արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին:Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար:

Թամարա Բաբայան – Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր (SREP)

Արմեն Ղարիբյան -Վերականգնվող  էներգիայի  տեխնոլոգիաների կիրառությունները  Հայաստանի կլիմայական  պայմաններում

Վահե Օդաբաշյան –  ՎԷ զարգացման համար միջավայրը ՀՀ-ում.
«Կայուն էներգետիկայում ներդրումների հանդեպ պատրաստվածություն» (ԿԷՆՀՊ) ծրագիրի ամփոփում

Րաֆֆի Դուրգարյան –  THE GEOTHERMAL ENERGY PROJECT ARMENIA

Հմայակ Ավագյան – Երկրաջերմային ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում Քարքար