R2E2-ն պատրաստվում է կազմել Հայաստանի արևային քարտեզը

new-image

Մեկ տարուց Հայաստանը կունենա արեւային քարտեզ, որը կնպաստի երկրում արեւային էներգիայի զարգացմանը: «Հունվար, փետրվար ամիսներից մենք կսկսենք իրականացնել արևի մոնիտորինգ և չափումներ` Հայաստանի արևային քարտեզը կազմելու համար: Վերջնական քարտեզը պատրաստ կլինի մեկ տարի անց: Ընտրվելու են այն տեղանքները, որոնք ունեն լավագույն ռեսուրսը էլեկտրաէներգիա արտադրելու համար, և այդտեղ կառուցվելու են կայաններ: Սա հնարավորություն կտա նաև կազմել որոշակի գործարար, ներդրումային ծրագիր, և արդեն բոլոր ներդրողները, ունենալով այդ ինֆորմացիան, կարող են որոշել՝ ինչպիսի կայան, ինչպիսի սակագնով, ինչպիսի ներդրում անեն»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Թամարա Բաբայանը: Ըստ նրա` նախնական տվյալներով արեւային էներգիայի զարգացման համար լավագույն տեղանքները գտնվում են Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերում: «Ինչքան ջերմաստիճանը ցուրտ է, այդքան ավելի լավ են այդ կայաններն աշխատում: Բարձրադիր վայրերում արևն ավելի ուժեղ է, օդը՝ մաքուր, լույսի թափանցելիությունը՝ մեծ: Օրինակ, Երևանում օդը փոշոտ է, և այդ փոշին ինչ-որ տեղ խանգարում է: Եթե օդը կեղտոտ է, արևի ճառագայթներն ամբողջությամբ չեն հասնում մակերեսին: Սակայն այստեղ միայն արևի հարցը չէ: Հարկավոր է նաև ունենալ համապատասխան տարածք, հողակտոր և ենթակառուցվածքներ», – նշեց Թամարա Բաբայանը:

Նշենք, որ արեւային քարտեզի մշակման աշխատանքներն իրականացվելու են Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում R2E2-ին հատկացված 40 միլիոն դոլլարարժողությամբ դրամաշնորհի շրջանակներում: Այս գումարով Հայաստանում զարկ է տրվելու արեւային էներգիայի զարգացմանը. նախատեսվում է մինչեւ 50ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցում, արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի օգտագործում: Նաեւ նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ զարգացնել երկրաջերմային էներգիան:
Աղբյուր