Այսօր Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը այցելեցին Ավետիսեան Ավագ Դպրոց և Համայքային Կենտրոն: Այցի ընթացքում նրանց ներկայացրեցին նորակառույց դպրոցի առանձնահատկությունները դրա կառուցման փուլից մինչև ավարտը:
Բնապահպանական բոլոր նորմերին համապատասխանող դպրոցն առաջինն է Հայաստանում, որ հավակնում է ստանալ LEED հավաստագիր: Հավաստագրի պահանջներին համապատասխանող էկոլոգիապես մաքուր նյութերով կառուցված դպրոցի շենքը համալրված է կրթության բարձր որակ ապահովող անհրաժեշտ տեխնիկայով և հագեցված լաբորատորիաներով, ինչպես նաև ներառական կրթության համար անհրաժեշտ պարագաներով: Կանաչ տանիքներով այս համալիրն առաջին անգամ Հայաստանում օգտագործում է արևի էներգիան՝ միաժամանակ ապահովելով համալիրի տաք ջրի, ջեռուցման և հովացման պահանջները: Դպրոցի այցի ժամանակ փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց իր գոհունակությունը՝ գնահատելով նման համալիրի ստեղծման գաղափարը: