Այսօր սեպտեմբերի 23-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում մշակված երկու փաստաթղթերի քննարկում, մասնավորապես դրանցից առաջինը՝ Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագրի նախագիծն է, իսկ երկրորդը՝ Շուկայի վերլուծություն և Հիմնադրամի առաջիկա տարիների գործառնական ծրագրի նախագիծը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ Ջաս Սինգխը, Արթուր Կոչնակյանը, Էմիլ Զալինյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, <<Էներգախնայողության Ալյանս>> հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, <<Էկոնոլեր>> թիմի ղեկավար՝ Աստղինե Պասոյանը, Ամերիա Գրուպ ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը կարևորելով նման քննարկումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՎԷԷ Հիմնադրամի դերը և նշանակությունը տվյալ ոլորտում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ներկայացնելով Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը, առանձնահատկությունները, ինչպես նաև Շուկայի վերլուծություն և Հիմնադրամի առաջիկա տարիների գործառնական ծրագրի նախագիծը, որը մշակվել է Ամերիա ՓԲԸ-ի կողմից:
Աստղինե Պասոյանը ներկայացրեց Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիր, որը մշակվել է «Էկոնոլեր» խորհրդատվական ընկերության, ինչպես նաև «Էներգախնայողության Ալյանս» ընկերության հետ համատեղ:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել այդ երկու կարևոր փաստաթղթերը շահագրգիռ անձանց, ստանալ կարծիքներ և առաջարկություններ դրանց լրամշակման և հաստատման ներկայացնելու նպատակով: