Ս.թ. հունիսի 25-ին և 26-ին Արթուրս համալիրում (Կոտայքի մարզ, գ.Արզական) տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) զարգացման ուղեցուցային ծրագրի վերաբերյալ միջոցառում: Այն կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և <Էքապոմեդիա> կենտրոնի կողմից: Ուղեցուցային ծրագիրը նկարագրում է Հայաստանում տեխնիկապես հասանելի, տնտեսապես և ֆինանսապես շահավետ ՎԷ ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային և վառելիքային էներգիայի ստացման համար` դրանով իսկ մեծացնելով երկրի էներգետիկ անկախությունը և նպաստելու բնապահպանական գլոբալ խնդիրների լուծմանը: Ծրագիրը ներառում է ՎԷ զարգացման թիրախներ կարճաժամկետ, միջինաժամկետ (2015) և երկարաժամկետ (2020) հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք հանգամանալից քննարկվեցին միջոցառման ընթացքում: Այսպիսի ծրագիր առաջին անգամ է մշակվել Հայաստանում, որտեղ համապարփակ ներկայացվել են ՎԷ բոլոր աղբյուրների օգտագործման հնարավորությունները: Ծրագրի մշակմանը մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ մասնագետներ արտերկրից: Ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի շնորհիվ: Միջոցառմանը քննարկվեցին նաև այնպիսի ՎԷ տեխնոլոգիական խնդիրներ, ինչպիսիք են “Փոքր հզորության կայանների” կառուցման, արդի էլեկտրական տրանսպորտի, այդ թվում էլեկտրամոբիլների ներկայիս զարգացվածության աստիճանի հետ կապված հարցեր, նաև ՀՀ-ում դրանց զարգացմանը ուղղված այլ հարցեր, ցանցային հողմաէներգետիկան, արեգակնային ֆոտովոլտաիկ փոխակերպումը և ջրատաքացումը, կենսավառելիքը, ջերմային պոմպերը, հիդրոկուտակիչ կայանները, ջրածնային տնտեսությունը և այլն: Միջոցառմանը հրավիրված էին պաշտոնատար այրեր տարբեր պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից, ֆինանսական կառույցներից, ինչպես նաև գիտնականներ, գործարարներ, փորձագետներ, ներդրողներ: Երկու օրերի ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում այդ հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես եկան Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Հայաստանում Համաշխարհային բանկի ‘Վերականգնվող Էներգետիկայի ծրագրի’ համակարգող Ա.Մարջանյանը, Հայստանի ամերիկյան համալսարանից Ա. Համբարյանը, Փոքր ՀԷԿ-ների միության նախագահ Ն. Նահապետյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի պաշտոնատար այրերը և նշված ոլորտների գիտնականներ ու փորձագետներ: