էներգախնայողության թեմայով դաս-մրցույթ

new-image

Մայիսի 21-ին, Երևանի Տ.Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի,  ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Աջակցություն բարեփոխումներին» հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացվել են էներգախնայողության թեմայով դաս-մրցույթ և նկարչական մրցույթ, որին մասնակցել են նույն դպրոցի 4-8-րդ դասարանների շուրջ 40 աշակերտներ: «Էներգախնայողության ծրագրի» հանրային իրազեկման գործընթացի շրջանակներում կազմակերպված այդ միջոցառման  նպատակն է՝ հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում էներգախնայողության վերաբերյալ գիտելիքների սերմանումը,  նրանց կենցաղվարության մեջ ԷԽ մշակույթի ներմուծումն ու այդ  գիտելիքների կիրառումը հնարավորինս խրախուսելը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Աջակցություն բարեփոխումներին» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Լուսինե Հարությունյանը, որից հետո միջոցառումը ողջունեցին և կարևորեցին  ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը, դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը: Աշակերտների համար դասն անցկացրին Հիմնադրամի աշխատակիցներ Տիգրան Սեկոյանը և Գայանե Բախչիսարանցևան՝ դիդակտիկ նյութերի միջոցով աշակերտներին ներկայացնելով, թե ի՞նչ է էներգախնայողությունը, ի՞նչ նշանակություն ունի այն ցանկացած ընտանիքի և, ընդհանուր առմամբ, պետության համար, ԷԽ կիրառումը կյանքում ինչպե՞ս կարող է դրականորեն անդրադառնալ յուրաքանչյուրի հարմարավետության ապահովման և բյուջեի վրա: «Աջակցություն բարեփոխումներին» կազմակերպության գործադիր տնօրեն Անուշիկ Պետրոսյանը դասից հետո աշակերտների շրջանում անցկացրեց ԷԽ թեմայով խաղ և նկարչական մրցույթներ, որոնց արդյունքում հաղթող թիմը Հիմնադրամի կողմից  ստացավ հաղթողի հավաստագիր, իսկ մյուս թիմերը՝ մասնակցության հավաստագրեր: