Հայաստանում 5 անգամ կարելի է ավելացնել էներգիայի արտադրությունը` վերականգնվող ռեսուրսների հաշվին

new-image

Հայաստանում վերականգնվող աղբյուրների հիման վրա արտադրվող էներգիան ներկայիս մակարդակի համեմատ 2020 թ. կարող է հնգապատկվել: Այդ մասին այսօր` հունիսի 25-ին հայտարարեց Վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

Առաջին անգամ Հայաստանում մշակվել է «Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիր», որտեղ համապարփակ ներկայացվել են վերականգնվող էներգետիկայի բոլոր աղբյուրների օգտագործման հնարավորությունները: Ծրագրի մշակմանը մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ եվրոպացի մասնագետներ, ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի հաշվին:

Ըստ Թ. Բաբայանի` կարճաժամկետ հեռանկարում զարգացման առավել մեծ ներուժ ունեն փոքր հիդրոէներգետիկան (մինչեւ 10 ՄՎտ), արեւային ջրատաքացուցիչները, ցանցային հողմաէներգետիկան եւ ջերմային պոմպերը: Միջինժամկետ հեռանկարում (2016-20 թ.թ.) առավել կկարեւորվի երկրաջերմային էներգետիկան:

Ներկայում ամբողջ թափով զարգանում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը` 2004 թվականից ի վեր Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովն արդեն 130 փոքր ՀԷԿ կառուցելու լիցենզիա է տվել:

Ծրագրում նշվել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը (հատկապես փոքր հէկ-երի մասով) ներկայում խոչընդոտում է թույլտվությունների ստացման ընթացակարգերի ավելորդ բարդությունը, ինչպես նաեւ հարկային արտոնությունների բացակայությունը (թերի լինելը):