Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման մակարդակի բարձրացում՚ ծրագրի իրականացում

new-image

Գազասպառման կենցաղային համակարգերի սպասարկման մակարդակի բարձրացում ծրագրի շրջանակներում  2011 թ-ի մայիսի 4-ին և 5-ին ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ սեմինար, որը կազմակերպել էր ՀՎԷԷ Հիմնադրամը: Սեմինարի հիմնական նպատակն էր, ժամանակին և որակյալ սպասարկման մակարդակի բարձրացմանը զուգահեռ, փոխշահավետ դարձնել հարաբերությունները ՀՀ գազասպառման կենցաղային համակարգերը սպասարկող կազմակերպության և Հայաստանի շուկա կենցաղային գազասարքավորումներ ներկրող, շինհավաքակցող կազմակերպությունների միջև, նպաստել այլ փոխկապակցված խնդիրների կարգավորմանը:

Սեմինարի առաջին օրը, որն ամբողջությամբ կազմակերպվել էր ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ի գրասենյակի աշխատակիցների համար ելույթով հանդես եկան Հիմնադրամի աշխատակիցներ Տիգրան Սեկոյանը և Հրանտ Տեր-Գաբրիելյանը, ներկայացնելով ներքոհիշյալ թեմաները`

Համառոտ տեղեկատվություն կենցաղային ջեռուցման պատի կաթսաների ՀՀ-ում առկա բրենդների, տիպերի, տեսակների մասին

Էներգախնայողություն

Էներգաուդիտ

Նորմատիվ փաստաթղթեր, ջերմային հաշվարկներ

Կոնդենսացիոն կաթսաներ

Կասկադային կաթսայատուն

Կաթսայի ընտրություն

Տեխնիկական սպասարկում, անսարքություններ

Նյութերը հագեցված էին գծապատկերներով, վիդեո և անիմացիոն տեսանյութերով: Նյութերի ներկայացումները ուղղեկցվում էին բուռն քննարկումներով, հարց ու պատասխաններով:

Սեմինարի երկրորդ օրը մասնակցության համար հրավիրվել էին Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների փականագործները: Հիմնադրամի աշխատակիցները նրանց ծանոթացրեցին Հայաստանում կենցաղային ջեռուցման պատի կաթսաների ներկրման, տեղակայման և տեխնիկական սպասարկման ոլորտի հիմնախնդիրների հետ: Մասնակիցներին համառոտ ներկայացվեց ջերմային հաշվարկների, կաթսաների կառուցվածքային առանձնահատկությունների, կոնդենսացիոն կաթսաների աշխատանքի սկզբունքները` զուգահեռ ցուցադրվեցին համապատասխան տեսա և անիմացիոն նյութեր: Այնուհետև, Հայաստանում գործող մի քանի առաջադեմ կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց կողմից ներկրվող  և տեղակայվող կաթսաները, նրանց կառուցվածքը, տեխնիկական բնութագրերը և սպասարկման առանձնահատկությունները` մասնավորապես.

“Արթկլիմա” ՍՊԸ-ն ներկայացրեց BOSCH և FERROLI կոնդենսացիոն կաթսան

“Տուն Կոմպլեքս” ՍՊԸ-ն ներկայացրեց BERETTA և IMMERGAS կոնդենսացիոն կաթսան

“Մեկուսիչ” ԱԿ-ն ներկայացրեց DAEWOO կաթսան

“Թերմոսիս” ՍՊԸ-ն ներկայացրեց SAUNIER DUVAIL կաթսան:

Սեմինարի մասնակիցները ծանոթացան կաթսաների բաղկացուցիչ մասերին, աշխատանքի սկզբունքներին, առանձնահատկություններին: Պարզաբանվեցին բազմաբնույթ խնդիրներ:

Ամփոփելով սեմինարը Հիմնադրամի աշխատակից Տիգրան Սեկոյանը հավաստիացրեց, որ ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ի և Հիմնադրամի ղեկավարությունը հետագայում ևս կձեռնարկեն քայլեր համագործակցությունը շարունակելու համար: