Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում սահմանամերձ գյուղերի լուսադիոդացումը շարունակելու նպատակով մարտի 24-ին կազմակերպվել էր Բարեգործական ընթրիք:
Բարեգործական երեկոյի մասնակիցներին ներկայացվել է ծրագրի նախադրյալները, կարևորությունն ու նպատակները: Հակիրճ ներկայացվել է «Լուսավոր Սահման» նախաձեռնության անցած ուղին և կատարված աշխատանքները:
Երեկոյի ժամանակ ստեղծված անմիջական մթնոլորտում քննարկվել են հարցեր վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացումների և փոփոխությունների վերաբերյալ:
Բարեգործական ընթրիքի շրջանակներում կազմակերպվել է «Մանե» հոլդինգի «Մանե Թայլս» արվեստի հավաքածուի կողմից ծրագրին նվիրաբերված ձեռագործ աշխատանքների աճուրդ:
Միջոցառման և աճուրդի արդյունքում նվիրաբերված գումարների միջոցով հնարավորություն է ստեղծվել ևս 3 սահմանապահ գյուղերի շուրջ 600 ընտանիքների տրամադրել երեք տարի երաշխիք ունեցող և բարձր որակական չափանիշներին համապատասխանող շուրջ 3000 էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպեր և մասնակի թեթևացնել նրանց կենցաղային հոգսը:
Երեկոն ուղեկցվել է շեփորի և սաքսաֆոնի կատարումներով:
«Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում արդեն իսկ լեդիֆիկացվել են 19 սահմանապահ գյուղեր, ևս 3 սահմանամերձ գյուղեր կլուսադիոդացվեն առաջիկայում ՄԱԶԾ աջակցությամբ:
Բարեգործական ընթրիքը կայացած է և իր արդյունքներն է տալիս ի շնորհիվ աջակիցների՝ «Մանե» հոլդինգի, Արմաս գինիներ, «Գրին թեք սիսթեմս» ՍՊԸ, «Էլեկտրիկա գռուպ» ՍՊԸ, «Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամ» ՀԿ, «Միսմա» ՍՊԸ, ինչպես նաև բոլոր ակտիվ մասնակիցների և անհատների, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել բարեգործական երեկոյի կայացման հարցում: