2018 թվականի հունվարի 31-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախամրցութային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:
Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ նախաորակավորումն անցած ընկերություններից, գործարքի խորհրդատու ընկերություններից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի էլեկտրական ցանցերից, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող այլ ընկերություններից, միջազգային ֆինանասական կազմակերպություններից, Հայաստանյան բանկերից, հրավիրված այլ հյուրեր:
Կոնֆերանսի ընթաքում զեկուցողները ներկայացրեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը և ժամանակացույցը, ծրագրի կողմերի միջև կնքվելիք պայմանագրերի հիմնական դրույթները, ծրագրի հնարավոր սոցիալական ազդեցությոնների մեղմացման մեխանիզմները: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն կոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:
Հիշեցնենք, որ Մասրիկ-1 Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը: Հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը: