Հոկտեմբերի 6-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նիստերի դահլիճում կայացավ հանրային լսումներ Երևանյան լճի վրա մոտ 250 կՎտ հզորությամբ լողացող ֆոտովոլտային կայանի կառուցման բնապահպանական ու սոցիալական ազդեցության վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, ծրագրի շահագրգիռ կողմերը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործընկեր՝ ֆրանսիական #TRANSENERGIE կազմակերպության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի կարևորությունը, ընթացքը և հետագա քայլերը: Կառուցվող կայանի վերաբերյալ կողմերին հուզող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև արձանագրվեցին կողմերի հնչեցրած առաջարկությունները և մտահոգությունները, որոնք հաշվի կառնվեն հետագա նախագծման աշխատանքների ընթացքում: