Կայացավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ներդրումային ծրագրի նախամրցութային հեռակոնֆերանսը

new-image

Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային հեռակոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

Հեռակոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Աղինյանը:

Հեռակոնֆերանսին մասնակցում էին նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներ, մրցութային հանձնաժողովի անդամներ, գործարքի խորհրդատու ընկերության, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանասական կազմակերպություններ և այլ հյուրեր: Հեռակոնֆերանսի ընթացքում Ավագ Սոլյուշնս ընկերության ներկայացուցիչ գործարքային խորհրդատու Մելիք Գասպարյանը զեկույցում ներկայացրեց ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը, նվազագույն տեխնիկական պահանջները, հողային հարցերը և ժամանակացույցը: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն հեռակոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական շրջաններում:

Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ: Հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը: ավելին