Ս.թ. մարտի 18-ից 22-ը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին գտնվում Հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Պատվիրակաության կազմում էին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին: Նշենք, որ վերականգնվող էներգետիկայի կշիռը, ըստ իրենց կանխատեսումների, 2030 թվականին կհասնի 65%-ի, 2050 թվականին՝ 80%-ի իսկ այս պահին կազմում է շուրջ 40%:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, Բունդեստակի պատգամավորներին, UNIDO` ՄԱԿ-ի կառույցի, ինչպես նաև Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի էկոնոմիկայի, նորարարության, թվայնացման և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներին:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համագործակցության խորացման և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ոլորտի կարգավորումների իրազեկման ուղղությամբ: