Հանրային իրազեկման հանդիպում 

«Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի» իրականացման շրջանակում

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) կողմից ներկայումս իրականացվում է «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագիրը» (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը հանդիսանում է պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացվելիք ծրագիր, որը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ)  միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայան: Այդ նպատակով հայտարարվել է մրցույթ՝ կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով: Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը և ընտրել այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որն էլ կիրականացնի ծրագիրը:

Ծրագրի իրականացման երկարաժամկետ արդյունքներն են՝ օտարերկրյա ներդրողների շրջանում Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի գրավչության մեծացումը, Հայաստանում էլեկտրաէներգիայի ռեսուրսների բազմազանեցումը, ՀՀ էներգետիկ անվտանգության ամրապնդումը։

Ծրագրի իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության Կառավա­րությունը իր համաձայնությունն է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հիմնա­դրամին նվիրաբերելու վերաբերյալ՝ էլեկտրակայանի կառուցման նպատակով:

Ծրագրի իրականացման շրջանակում սույն թվականի հունվարի 30-ին, ժամը 15:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի համայնքապետարանի շենքում կանցկացվի Հանրային իրազեկման հանդիպում Հիմնադրամի մասնագետների և խորհրդատուների մասնակցությամբ:

Հանդիպման շրջանակում կներկայացվեն Ծրագրի նախագիծը, Մասրիկ համայնքում էլեկտրակայի կառուցման վայրը, կազմակերպման և իրականացման ընթացքը, փուլերը, կքննարկվեն Ծրագրի իրականացման շրջանակում հնարավոր բնապահպանական և սոցիալական հարցերն ու դրանց մեղմման ուղղված միջոցառումները, կպարզաբանվեն նաև հնարավոր բողոքարկման մեխանիզմները:

Բոլոր շահագրգիռ անձիք և կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու նշված հանդիպմանը:

Կոնտակտային տվյալներ՝
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
ՀՀ, ք. Երևան 0001, պող. Սայաթ-Նովա  29/1
Հեռ.`+(374-10) 588011, 545121
Էլ.փոստ info@r2e2.am
Web: www.r2e2.am