Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը ստորագրեցին պայմանագիր Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:
Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազար տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել է խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որի հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը: