Էներգետիկայի շաբաթ

new-image

Մեկնարկեց Էներգետիկայի Շաբաթ 2017 համաժողովը

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ս․թ․ հունվարի  25-27-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

Միջոցառումների շարքը ներառում էր եռօրյա ցուցահանդես, որին ներկայացված էին տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտական աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Այն հնարավորություն կտա ծանոթացնել ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։ Ցուցահանդեսին մասնակցում էր մասնագիտացված 28 ընկերություն։

Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլն։ Համաժողովին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, թեպետ տեղանքում կարելի է տեղակայել մինչ 95 ՄՎտ հզորության կայաններ։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։  ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Համաժողովին և կլոր սեղան-քննարկումներին ոչ միայն  երաշխիք է ու վստահություն ներդրողների համար, այլև լավ հնարավորություն էր օրենսդրական դաշտի առանցքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու տեսանկյունից։

Ծրագրում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ներդրումների համար նպաստավոր միջավայրը։ Տեղական ներդրողների և բանկերի միջոցով կներկայացվի նպաստավոր քաղաքականության պատմական փորձը և կայուն խթանները, ինչը խիստ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում։

Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, զեկույցներ ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրի, Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Բուռն քննարկումները ընդմիջվեցին Հայաստան այցելած հյուրերին կոնյակի գործարան այցելությամբ:

Միջոցառման երրորդ օրը քննարկվեցին էներգաարդյունավետության նվաճումները և մարտահրավերները,  էներգախնայողության ներդրումների ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացվեց Սյունիքի մարզի կայուն էներգիայի զարգացման ծրագիրը և մի շարք այլ հարցեր:

Համաժողովի մասնակիցները այցելեցին Մերձավանի արևային ռեսուրսների չափման կայան, որը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել և օգտագործում է՝ արևային ռեսուրսի գնահատման հուսալի, ճշգրիտ տվյալներ ստանալու և հանրությանը տրամադրելու նպատակով։

Ներկայացվեցին մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու հաջողությունները, պետական բարեփոխումներն ու խթանները։ Միջազգային ծրագրերի և տեղական բանկերի կողմից ներկայացվեցին համայնքային էներգախնայողության և ՓՄՁ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։