Մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ (ՀՎԷԷ) ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվել է 2005 թվականին՝ ՀՀ կառավարության ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ  է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:

ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստելու համար:

 ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.

  • Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
  • Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
  • Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
  • Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
  • Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

 

ՀՎԷԷ հիմնադրամի գործունեության ռազմավարական ուղղությունները

  • Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի իրականացում

Նախապատրաստելով և իրականացնելով վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բազմաբնույթ ծրագրեր ՀՎԷԷ հիմնադրամը նպատակ ունի համապատասխան խթանիչ միջավայր ստեղծել և ճանապարհ հարթել ոլորտում մասնավոր ներդրումների համար, ապահովել ոլորտի ընդհանուր զարգացումը, հիմքեր ստեղծել երկրում էներգաարդյունավետության ընդհանուր մակարդակի բարձրացման համար: Ներկայումս իրականացվող ծրագրերի թվում են արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման, հանրային նշանակության օբյեկտներում էներգախնայողության, Հայաստանում համայնքների էներգաարդյունավետության բարձրացման և մի շարք այլ ծրագրերը:

  • Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում ֆինանսական գործիքների մշակում և ներդնում

Կայուն էներգետիկայի ծրագրերի իրականացման համար ֆինանսական գործիքների և մեխանիզմների մշակումն ու ներդրումը ՀՎԷԷ հիմնադրամի առաջնայնություններից է: Այն նպատակաուղղված է լայնացնել Հայաստանի ֆինանսական շուկայի համապատասխան առաջարկների գործիքակազմը, ավելի մատչելի և հուսալի դարձնել դրանց կիրառումը։ Ֆինանսական աջակցությունը ՀՎԷԷ հիմնադրամը իրականացնում է ինչպես ուղղակի ֆինանսավորմամբ, այնպես էլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:

  • Մասնակցություն ոլորտի քաղաքականության մշակմանը և օրենսդրական բարեփոխումներին

ՀՀ կառավարությունը որդեգրել է երկրի էներգետիկ բալանսում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացման և էներգաարդյունավետության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականություն, որի իրականացմանը նպաստելն էլ հանդիսանում է ՀՎԷԷ հիմնադրամի առաքելության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը: ՀՎԷԷ հիմնադրամը մշտապես ներգրավված է ոլորտին վերաբերող նորմատիվ ակտերի փորձագիտական մեկնաբանությունների և կարծիքների տրամադրմանը, ակտիվ մասնակցում ոլորտի օրենսդրության և կանոնակարգերի մշակման աշխատանքներում, տեխնիկական և խորհրդատվական ծառայություններ մատուցում ՀՀ կառավարությանը:

  • Համապատասխան կարողությունների զարգացմանը և ոլորտի նորարարությունների խթանում

ՀՎԷԷ հիմնադրամը հետևողական քայլեր է ձեռնարկում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը:  Վերապատրաստման դասընթացների, սեմինարների, կոնֆերանսների, ցուցահանդեսների կազմակերպումն ու  անցկացումը, երկրում ոլորտի հետազոտական կարողությունների զարգացումը, վերլուծական և տեղեկատվական նյութերով տեղեկատվության տրամադրումը, հրապարակումն ու ձեռնարկների տպագրությունը, հանրային իրազեկման այլ գործիքների կիրառումը ՀՎԷԷ հիմնադրամի ամենօրյա գործառույթների թվում են և միտված են բարձրացնելու ոլորտի մասնագիտական ներուժն ու համապատասխան գաղափարախոսության սերմանումը հանրության լայն շրջանում:

  • Խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում

Ոլորտում մասնագիտական բարձրակարգ ծառայությունների մատուցմամբ ՀՎԷԷ հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստել հանրային և մասնավոր հատվածի համար ներդրումային միջավայրի բարելավմանը և  շուկայի ընդհանուր զարգացմանը: Հանրապետության էներգետիկ բալանսի կազմումը, ներդրումային նախագծերի գնահատումը մասնավոր ներդրողների համար, էներգետիկ աուդիտների անցկացումը, էներգախնայողության տեսանկյունից սարքավորումների փորձաքննության անցկացումն ու պիտակավորումը մի քանիսն են այն ծառայություններից, որոնք խթանում են համապատասխան միջավայրի, ենթակառուցվածքների, ինստիտուտների և մեխանիզմների առաջանալուն ու զարգանալուն:

  • Միջազգային համագործակցություն կայուն Էներգետիկայի բնագավառում

ՀՎԷԷ հիմնադրամը համագործակցում է իր միջազգային գործընկերների հետ ի նպաստ էներգախնայողության, վերականգնվող և կայուն էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, տարածման և մասսայականացման գործում, մաքուր էներգետիկայի և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանը միտված մոտեցումների կիրառման տարածմանը: ՀՎԷԷ հիմնադրամը համագործակցում է այլ երկրների էներգետիկ գործակալությունների, միջազգային և այլ նմանատիպ կառույցների հետ էներգետիկայի ոլորտում տեղեկատվության տրամադրման, տեխնիկական և տեխնոլոգիական օժանդակության, տնտեսության էներգատարության նվազեցման ոլորտների շուրջ։ ՀՎԷԷ հիմնադրամի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են մաքուր էներգետիկային նվիրված միջազգային համաժողովներին, ներկայացնում Հայաստանյան փորձը, ծանոթանում միջազգային լավագույն փորձին, հիմնում նոր կապեր ու ստեղծում համագործակցության նոր հնարավորություններ: