Այսօր հուլիսի 18-ին կնքվեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից մրցութային կարգով ընտրված ընկերության Մասրիկ-1 արևային կայանի կառուցման համաձայնագիրը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը: Պայմանագրի կողմեր են հանդիսանում՝ «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի (որպես կառուցապատող) և «ՖՈՏՈՎԱՏԻՈ ՌԵՆՅՈՒԱԲԼ ՎԵՆՉՐՍ» ԲԻ.ՎԻ. –«ԷՖԷՍԷԼ ՍՈԼԱՐ» ԷՍ. ԷԼ. Նիդերլանդներ (որպես հովանավոր) և ՀՀ կառավարությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկը: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):
Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էներգետիկ հաշվեկշռում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին: