Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիր, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:
Առաջին համայնքային էներգախնայողության ծրագիրն իրականացվում է
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում, որի շրջանակներում իրականացվում է հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝ արևային ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում, արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում շուրջ 70 տնային տնտեսությունների տանիքներում, ինչպես նաև համայնքի արտաքին լուսավորության ոչ էներգաարդյունավետ լուսատուների փոխարինում լուսադիոդային լուսատուներով:
Համայնքներում Էներգախնայողության ծրագրի նպատակն է նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը: Կատարված աշխատանքները կնպաստեն բնակիչների ամսական էլեկտրաէներգիայի և ջրատաքացման համար ծախսվող էներգիայի և դրանց դիմաց վճարվող գումարի կրճատմանը, հետագայում նաև զրոյացմանը:
Վերոնշյալ աշխատանքների արդյունքում CO2 արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 94 տոննա: