Էներգախնայողության ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների /դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն/ էներգախնայողության ծրագիրը: Գլոբալ բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները պետական հատվածում էներգախնայողության մեջ ներդրումների իրականացման խոչընդոտների վերացման միջոցով:
Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը: Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:Ծրագրի ֆինանսավորումը
Ծրագրի ֆինանսավորումը ներառում է 8.3 մլն ԱՄՆ դոլար Կառավարության համաֆինանսավորումը, 1.82 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ և 0.54 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարության համաֆինանսավորումը ներառում է հարկերը և սույն ծրագրի իրականացման ընթացքում Բանկի վերջերս փակված երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման և Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի, շրջանառվող գումարների մարումները: ՎԷԷՀ-ի համաֆինանսավորման աղբյուր է լինելու ծրագրի շրջանակներում առաջարկվող Էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայնագրերով մատուցված ծառայությունների համար վճարները և տոկոսները: Ծրագրի գումարները ՎԷԷՀ-ի միջոցով հատկացվելու են սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներին էներգախնայողական արդիականացումների համար:
Ծրագրի բաղադրիչները
Բաղադրիչ 1: Էներգախնայողական ներդրումներ հանրային օբյեկտներում (գնահատված արժեքը 8.7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում 8.0 մլն ԱՄՆ դոլարը կառավարության ֆինանսավորումով և 0.7 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհից): Այս բաղադրիչն աջակցելու է էներգախնայողության մեջ ներդրումներին սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում, օրինակ` դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում, փողոցային լուսավորությունում: Էներգախնայողության մեջ ներդրումները կկրճատեն արդիականացված հանրային և հասարակական նշանակության օբյեկտների էներգասպառումը և CO2 արտանետումները:
Բաղադրիչ 2: տեխնիկական աջակցություն (գնահատված արժեքը 1.96 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում 1.12 մլն ԱՄՆ դոլարը ԳԲՀ դրամաշնորհից, 0.54 մլն ԱՄՆ դոլարը ՎԷԷՀ համաֆինանսավորում և 0.3 մլն Կառավարության համաֆինանսավորում): Այս բաղադրիչը կօգնի վերացնել էներգախնայողության ներուժի իրացման առկա խոչընդոտները և ստեղծել նպաստավոր միջավայր պետական հատվածում էներգախնայողության համար: